BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ադրբեջան. Ռուսաստանի ու Թուրքիայի հաշտեցումը կարագացնի շրջանների վերադարձը

Ադրբեջան. Ռուսաստանի ու Թուրքիայի հաշտեցումը կարագացնի շրջանների վերադարձը
07.06.2016 | 16:02

Yeni Musavat-ը առաջընթաց է նկատում ռուս-թուրքական հարաբերություններում՝ հղում անելով Հունաստանում ՌԴ նախագահի ելույթին: Ընդդիմադիրների կարծիքով՝ Թուրքիայի վերաբերյալ իր մեկնաբանություններում Պուտինն օգտագործեց «առավել փափուկ հռետորաբանություն և արտահայտեց Անկարայի հետ հաշտվելու Մոսկվայի ցանկությունը»: Hurriyet Daily News-ը գրեց, որ Աթենքում ՌԴ նախագահը Թուրքիայի հետ հաշտության «փոքր պատուհան բացեց»:

Բաքվեցի լրագրողները կարծում են, որ Անկարայի ու Մոսկվայի հարաբերությունների վերականգնումը, նրանց համագործակցության ճանապարհը կբացի ղարաբաղյան հիմնահարցի այնպիսի լուծման համար, որը բխում է «Ադրբեջանի արմատական շահերից»:
«Գուցե այդ հարցում Ադրբեջանը ոտքն ու ձեռքը կապված վիճակում հայտնվի՝ Կրեմլի խնդրանքով ու շնորհիվ Բաքվի վրա Անկարայի ներգործության: Սակայն փոխարենը կարող է արագանալ մի քանի շրջանների վերադարձը»՝ գրում է Musavat-ը և հավելում՝ վտանգ կա, որ Բաքվին մի քանի շրջան փոխանցելուց հետո կոնֆլիկտը նորից կարող է սառեցվել «Մոսկվայի սցենարով»:


Հունիսի 1-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում հանդիպեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ՝ գրում է АПА-ն: Ալյանսը ողջունում է Բաքվի ակտիվ մասնակցությունը «Անհատական գործընկերության ծրագրին», «Գործընթացի և օպերատիվ հնարավորությունների ծրագրման ու վերլուծության հայեցակարգին», ՆԱՏՕ-ի ուժերի համար տարանցիկ հնարավորությունների տրամադրմանը: Ալյանսը բարձր է գնահատում Բաքվի ներդրումը «Անվտանգությանն աջակցող միջազգային ուժեր» և «Վճռական աջակցություն» առաքելություններում: Բրյուսելն ուշադրություն է դարձրել Ադրբեջանի և Աֆղանստանի հարաբերությունների հաջող զարգացմանը՝ համարելով, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկումը Քաբուլի համար ճանապարհ կբացի դեպի տարածաշրջանային ենթակառուցվածքներ:


Ղարաբաղի թեմայով Մամեդյարովը նկատել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և միջազգային հանրությունը անընդունելի են համարում ստատուս քվոն: Մեկ օր առաջ Ստոլտենբերգը ասել էր, որ չի հավատում կոնֆլիկտի ռազմական լուծմանը:
Նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը զբաղվում է և գիտական գործունեությամբ: Անցած շաբաթ Ադրբեջանի ԳԱԱ ակադեմիկոսը Ֆրանսիայում հրապարակեց «Լեռնային Ղարաբաղ՝ պատմություն, կարդացված սկզբնաղբյուրներից» գիրքը և առավել ընդհանուր հոդված՝ «Ադրբեջանական ուժեղ պետությունը իբրև ազգային գաղափարի արտացոլում գլոբալացման պայմաններում»: Ռամիզ Մեհտիևը գրում է արևմտյան երկրներում պետական իշխանության թուլության մասին՝ համարելով «բյուրոկրատական պլյուրալիզմի» հետևանք: «Քաղաքական գործիչների ու չինովնիկների համագործակցության բացակայությունը (ԱՄՆ-ում) դժվարացնում է ընդհանուր վարչական որոշումների ընդունումն ու իրականացումը: Իրական իշխանությունը ստանում են վարչակազմերի մասնավոր, լոկալ ղեկավարները»՝ մեջբերում է ակադեմիկոսին Azertag-ը:

Հեղինակազուրկ արևմտյան կառավարությունները ի վիճակի չեն դրական ազդելու համաշխարհային գործընթացների վրա և կանգնեցնել քաղաքական քաոսն աշխարհում՝ կարծում է փիլիսոփայության 78-ամյա դոկտորը: Եվրոպացի ու ամերիկացի քաղաքական գործիչներին Մեհտիևը հակադրում է Եվրասիայի և Լատինական Ամերիկայի ղեկավարներին: «Ամերիկացի ներկա ղեկավարները Պուտինի կամ Չինաստանի, Բոլիվիայի, Վենեսուելայի, Արգենտինայի, Բրազիլիայի կամ Հնդկաստանի ղեկավարների կրունկը չարժեն»՝ գրում է Մեհտիևը: Նա կարծում է, որ 2008-ը ավարտեց ԱՄՆ-ի գերիշխանության հաստատումը, իսկ միաբևեռությունը համաշխարհային անկայունության աղբյուր է:


Ադրբեջանի ռազմական համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և էներգետիկ համագործակցությունը ԵՄ-ի հետ («Հարավային գազային միջանցք») չի խանգարում Բաքվի քաղաքական գործիչներին շատ ավելի հակաարևմտական լինել, քան կարողանում են ռուս գործընկերները: Բացի նախագահի աշխատակազմի ղեկավարից, այդ ուղղությամբ նկատելի է և կառավարամետ Haqqin.az-ը, որ քննադատության կրակն ուղղել է Գերմանիայի վրա, միաժամանակ՝ ԵՄ-ի: «Փառաբանված եվրոպական ժողովրդավարությունը, որ այդքան սիրում է ավտոպիլոտով աշխատել, նորից ցուցադրեց իր անճոռնի էությունը»՝ գրում է գործակալությունը Բունդեսթագի որոշումից հետո: Բաժին է հասել և կանցլեր Անգելա Մերկելին, որ դիտմամբ բացակայում էր խորհրդարանում, բայց մեկնաբանություններում արդարացրել է պատգամավորների որոշումը: Կայքի կարծիքով՝ «Որքան էլ գերմանացի քաղաքական գործիչները տիկին Մերկելի գլխավորությամբ փորձեն ապացուցել, որ առաջընթացիկ արևմտյան ժողովրդավարությունը նուրբ հարցերում չի սխալվում, իրականում գարշահոտ սուտն է երևան գալիս: Իսկ ճշմարտությունը, պատիվն ու արժանապատվությունը նետվում են ցեխը հանուն նոր ալիքի քաղաքական գործիչների ստորագույն շահերի բավարարման, որոնց համար շահն ու անամոթությունը իրենց կերպարի ուղեկիցներն են»: Բաքվի լրագրողները կարծում են, որ Արևմուտքը, իսլամիստների ղեկավարած Թուրքիան ընդունում է իբրև «վտանգի գործոն» և ձգտում է թուլացնել նրան:

«Բունդեսպատգամավորները որոշեցին իրենց ներդրումն ունենալ գոյություն չունեցող ցեղասպանության քննարկումներում՝ իրենց մեխը մեխելով արդարության դագաղին»՝ եզրակացնում է Haqqin.az-ը: Միլի մեջլիսի փոխնախագահ Բահար Մուադովան Report.az-ին տված հարցազրույցում կասկած է հայտնել, որ այսպիսի բանաձևից հետո Գերմանիան իբրև ԵԱՀԿ գործող նախագահ արդարացի կլինի Ղարաբաղի հարցում: Ռուսերեն հրապարակված տեքստերը՝ ռուսերենին տիրապետող Մերկելի համար շատ անհաջող սկիզբ են հունիսի 7-ին Բեռլինում Ալիևին հանդիպելուց առաջ: Ադրբեջանի նախագահը հունիսի 3-ին Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յիլդիրիմին ընդունելով՝ ևս քննադատեց Բունդեսթագի բանաձևը: «Այդ հարցը քաղաքական կողմ ունի: Երևի նրանք ուզում են Թուրքիային ինչ-որ բան պարտադրել, ազդել նրա անկախ քաղաքականության վրա: Հայկական հարցը միայն առիթ է, որ մեծ պետությունների ձեռքին գործիք է դարձել: Ադրբեջանն էլ է նման իրավիճակի բախվել (Բունդեսթագի անցյալ տարվա բանաձևը Ադրբեջանում ժողովրդավարության վիճակի մասին)»՝ Ալիևի խոսքերն է փոխանցել АПА-ն: Յիլդիրիմը շատ շնորհակալ է եղել Բաքվի դիրքորոշման համար:


Իլհամ Ալիևը պահանջում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին գրանցել Գինեսի ռեկորդների գրքում՝ «մեկ նախադասության մեջ չորս սուտ ասելու համար» քառօրյա պատերազմի իրադարձությունների մասին: Նա ժխտում է, որ Երևանը վերահսկում է շփման գիծը: «Ինչպե՞ս կարող են նրանք վերահսկել իրավիճակը շփման գծում, երբ իրենք են խոստովանում, որ 800 հեկտար տարածք են կորցրել: Թեպետ ազատագրվել է ոչ թե 800, այլ 2000-ից ավելի հեկտար»՝ հայտարարել է Ալիևը Բաքվում Ադրբեջանական աշխարհի IV համագումարում: Երկրորդ՝ նա հերքում է Սերժ Սարգսյանի խոսքերը, որ իբր Բաքուն Մոսկվային խնդրել է կանգնեցնել մարտերը Ղարաբաղում՝ պնդելով, որ դա Երևանի նախաձեռնությունն էր: Երրորդ՝ Ադրբեջանի նախագահը կարծում է, որ ԼՂՀ պաշտպանության բանակ գոյություն չունի՝ ինչպես ասում էր Սերժ Սարգսյանը: «Ղարաբաղի հայկական ռազմական ուժերում զինծառայողների 80 %-ը Հայաստանի քաղաքացիներ են»՝ մեջբերում է նրան Vesti.az-ը:
Ֆիզուլի ՄԱՄԵԴՈՎ, REGNUM


Հ.Գ. Կարդացեք առանց մեկնաբանությունների՝ իբրև մտածելու նյութ՝ ո՞վ ի՞նչ է ասում, ի՞նչ է ուզում և ինչպե՞ս է պատրաստվում հասնել իր նպատակին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1567

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ